Կենդանաբանական այգու պատասխանատուները և հոլանդացի գործընկերները հետաքրքրված են ՀԱԱՀ-ի բարեփոխումներով

Օրերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը հյուրընկալեց ՀԱԱՀ-ի համեմատաբար նոր գործընկերներին՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանին և

միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանին: Նրանց ուղեկցում էին հետաքրքիր հյուրեր Նիդերլանդներից՝ Կենդանաբանական այգու և Հիմնադրամի հավատարիմ բարեկամ, Գրութ թանգարանի տնօրեն Հայկ Բալյանը, որն ակտիվորեն

գործակցում է թե՛ Այգու և թե՛ Հիմնադրամի հետ, Կոպերտ Քրես ընկերության սեփականատեր Ռոբ Բաանը և Ամստերդամի Արտիս թագավորական թանգարանի վարիչ Յանոշ Սանտոն:
Կենդանաբանական այգու, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Ագրարային համալսարանի միջև գործակցությանն առնչվող հարցերի քննարկումից զատ, որն առաջիկայում համապատասխան փոխըմբռնման հուշագրի տեսք կստանա, գործակցային կապ հաստատվեց նաև հոլանդացի փորձագետների հետ: Ռեկտոր Ուռուտյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի զարգացման տեսլականը և ագրոտեխնոլոգիական կրթության արդիական կենտրոն դառնալու ուղղությամբ իրականացվող կոնկրետ գործողությունները:
Զրուցակիցներն անդրադարձան այն հարցին, որ Հայաստանում առկա գենետիկ ռեսուրսների և կենսաբազմազանության հսկայական ներուժը ուսումնասիրելու և այն սննդապահովության, սննդի անվտանգության և գյուղատնտեսության ընդհանուր զարգացման նպատակներին ծառայեցնելու համար անհրաժեշտ է կատարել պատշաճ գիտական հետազոտություններ: Ագրարային համալսարանի գիտական ներուժը լինելու է ռազմավարական նշանակություն ունեցող այդ հետազոտությունների շարժիչ ուժը:

Որպես թանգարանային գործի պրոֆեսիոնալներ, հյուրերին հետաքրքրեց Ագրարային համալսարանի կենդանաբանական թանգարանը, որի բազմահազար ցուցանմուշների մի մասը, ցավոք սրտի, վնասվել կամ անդարձ կորսվել է՝ շենքից շենք տեղափոխվելու պատճառով: Այժմ ցուցանմուշները պարզապես կուտակված են տարբեր մասնաշենքերում, ընդ որում՝ փոքր մասը, որը տեսան և որով տպավորվեցին հյուրերը, ոչ պատշաճ շենքային պայմաններում են պահվում: Պարոն Ուռուտյանը նշեց, որ համալսարանում իրականացվելիք բազմաթիվ նախագծերից մեկն էլ թանգարանի վերագործարկումն է՝ պատշաճ շենքային և թանգարանային տեխնոլոգիական արդիական հնարավորությունների առկայությամբ: