«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր, որի նպատակն է հաստատել գործընկերային հարաբերություններ, որոնք կնպաստեն երկու հաստատությունների միջև մասնագիտական կրթական և գործնական հարաբերությունների ձևավորմանը և կարգավորմանը:

Հուշագրի կնքումով նախատեսվում է առավել սերտ համագործակցություն հաստատել երկու հաստատությունների միջև, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը։

Ինչպես նշվում է հուշագրի տեքստում՝ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի անասնաբուժություն, անասնաբուծություն, անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն և դեղագիտություն մասնագիտությունների ուսանողների պրակտիկան անցկացվելու է ԵԿԱ-ում: «Պրակտիկայի ընթացքում համալսարանի ուսանողները կներգրավվեն Այգու ամենօրյա կենդանաբուժական գործողություններին, մասնավորապես. ամենօրյա բժշկական զննումներին, կենդանիների պատվաստումներին, չիպավորումներին, ամորձահատումներին, դիահերձումներին, կենդանիների սննդակարգերի կազմմանը և այլ նմանօրինակ մասնագիտական աշխատանքների իրականացմանը։ Հնարավոր է նաև ստեղծել հնարավորություն կազմակերպելու Համալսարանի ուսանողների վերապատրաստումը Այգում և Այգու միջազգային գործընկեր այլ կառույցներում և կենդանաբանական այգիներում»,- ասվում է հուշագրում: