Երևանի Կենդանաբանական այգում բնակվում են մոտ 350 տեսակ թռչուն, ինչպես օրինակ Գառնանգղն է /Gypaetus barbatus/, Գաճաճ արծիվը /Hieraaetus pennatus/, Ալեձև թութակը /Melopsittacus undulatus/ և այլն: Նրանց գրեթե գերակշիռ մասը քմահաճ է և պահանջում է հատուկ խնամք, ուշադրություն, կերակրացանկ և կլիմայական պայմաններ: Թռչունների այդ հսկայական և բազմազան ընտանիքին խնամում և հոգ են տանում մոտ 5 աշխատակից: Դոնարա Խաչատրյանն արդեն 38 տարի է, ինչ աշխատում է կենդանաբանական այգում՝ որպես թռչունների բաժնի վարիչ:
Սմբակավորների բաժին
Կենդանաբանական այգին լիարժեք չէր լինի, եթե չունենար սմբակավոր կենդանիների մի ամբողջություն: Պատկերացրեք, որ այցելուները չունենային հնարավորություն տեսնելու օրինակ` եղնիկներին, այծերին, ուղտերին, էլ չենք խոսում փղի մասին, որը սմբակավորների մեջ ամենամեծն է: Փղին մենք դեռ կանդրադառնանք, բայց մի պահ պատկերացրեք, որ Կենդանաբանական այգում 21 տեսակ սմբակավորների մեջ չլիներ Հայկական մուֆլոնը, որն արդեն առանց այն էլ հայտնվել է Կարմիր գրքում: Փոխարենը, մուֆլոններն այգու 108 գլուխ սմբակավորների մեջ 27 գլուխ են կազմում:
Գիշատիչների բաժին
Երևանի կենդանաբանական այգին ունի մոտ 33 տեսակ գիշատիչ, ինչպես օրինակ Բենգալյան վագրն է /Panthera tigris/, Անդրկովկասյան լուսանը /Lynx dinniki/, Ընձառյուծը /Panthera onca/, Ամուրյան վագրը /Panthera tigris longipilis/, Աֆրիկյան առյուծը /Panthera leo/ և այլն:
«Առյուծների բնազդը ուժեղ է և ցանկացած վտանգի կամ նույնիսկ տագնապի ժամանակ նրանք արագ արձագանքում են: Վագրերն ավելի հանգիստ են, ընձառյուծները` վեհ, հանգիստ բնավորությամբ և արժանի հարգանքի»: Ահա այսպես է բնութագրում կենդանիներին արդեն 24 տարվա աշխատանքային փորձ ունեցող այգու գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանը: Չնայած առյուծներն ապրում են ճաղավանդակներում, սակայն դա չի խանգարել նրանց մոռանալ իրենց կենդանական բնազդները:
Ակվատեռարիումի բաժին
Ակվատեռարիումի բաժինը Երևանի կենդանաբանական այգու հիմնական բաժիններից մեկն է: Այստեղ պահվում են օձերի, մողեսների, կրիաների, ձկների լայն տեսականի. առանձնահատուկ ուշադրության են արժանի՝ Կասկավելլան կամ շառաչող օձը /Crotalusdurissus/, թույն նետող կարմիր Կոբրան /Najapallida/, մեհենագրային պիթոնը /Pythonsebae/: Անվտանգության կանոնները պահպանելու համար այս սողունները մեկուսացված են անմիջական շփումից. նրանք պահվում են հատուկ ակվարիումների մեջ: Փորձենք մի փոքր ծանոթացնել Ձեզ Կենդանաբանական այգում պահվող օձերի հետ: