Չեխիայի խորհրդարանի Սենատն ու ՀՀ Ազգային Ժողովի ներկայացուցիչները՝ Կենդանաբանական այգում

Չեխիայի խորհրդարանի Սենատը պաշտոնական այցով Հայաստանում է՝ ՀՀ Կառավարության հետ մի շարք համագործակցության շրջանակներ քննարկելու նպատակով, իսկ այսօր Սենատի փոխնախագահ Միլան Շտեխը, ՀՀ-ում Չեխիայի փոխդեսպանն  ու  ԱԺ նախագահի տեղակալը այցելեցին Կենդանաբանական այգի:

Հյուրերի թվում էր նաև Չեխիայի Դվուր Կրալովե կենդանաբանական այգու տնօրեն, կենդանաբանների նեղ շրջանակին իր մասնագիտական գործունեությամբ հայտնի պարոն Պրեմիսլ Ռաբասը, ում այցի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռ անցյալ տարի՝ԵԱԶԱ կոնֆերանսի շրջանակներում:

Պարոն Ռաբասը բարձր գնահատեց Երևանի կենդանաբանական այգում կատարված փոփոխությունները՝ նշելով, որ այն անճանաչելի բարեկարգվել է համեմատած 2007թ. իր այցի հետ, և թողնելով խորհրդային ժառանգությունը՝ վերածվել ժամանակակից եվրոպական կենդանաբանական այգու, որ այսօր գործում է  միջազգային ստանդարտներին համապատասխան:

Այցի ընթացքում Դվուր Կրալովե կենդանաբանական այգու հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց  Համագործակցության հուշագիր կնքելու՝ կենդանատեսակների փոխանակման, գիտելիքների և փորձի ներդրման, աշխատակիցների վերապատրաստման և հարակից ոլորտներում:

Բարձրաստիճան հյուրերը բարձր գնահատեցին Այգում  կատարված փոփոխությունները և հույս հայտնեցին հետագայում է՛լ ավելի սերտ համագործակցելու՝ կենդանիների պաշտպանության և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում

Երևանի կենդանաբանական այգին խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ Ազգային Ժողովին և ՀՀ-ում Չեխիայի դեսպանությանը՝ այցի կազմակերպման գործում  ցուցաբերված մեծ աջակցության համար