ԶԼՄ–ների հետ աշխատանքի ուղեցույց
«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենդանաբանական այգի) անձնակազմը բարձր է գնահատում լրատվամիջոցների դերը իր գործունեության ապահովման հարցում և հավատարիմ է թափանցիկության և խոսքի ազատության ապահովման սկզբունքներին:
Հաշվի առնելով, որ լրատվամիջոցները պատասխանատվություն են կրում հասարակության առջև՝ նպատակ ունենալով ունեցած ռեսուրսները ծառայեցնելու հասարակության լայն շերտերի իրազեկմանը, Կենդանաբանական այգին սույնով տեղեկացնում է իր ներքին կանոնակարգերի մասին, որը կնպաստի լրագրողների կողմից հավաստի և ճշգրիտ տեղեկություններ ստանալուն, հանրությանը իրազեկելուն, ինչպես նաև Կենդանաբանական այգու գործունեությունը թափանցիկ լուսաբանելուն՝ խուսափելով ապատեղեկատվություն տարածելուց և ղեկավարվելով «Զանգվածային Լրատվության մասին» ՀՀ օրենքի դրույթներով
Տեղեկությունների տրամադրման հայտ
Երևանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ը փորձում է հնարավորինս արագ պատասխանել լրատվամիջոցներից ստացվող բոլոր հարցումներին՝ ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ուստի խնդրում ենք բոլոր հարցերը սահմանված կարգով գրավոր կերպով ուղարկել հետևյալ էլ.հասցեներին`press@yerevanzoo.am և info@yerevanzoo.am:
Տեղեկությունների տրամադրման հայտ
Եթե ԶԼՄ ներկայացուցիչները ցանկանում են նկարահանում իրականացնել Կենդանաբանական այգում, կկարողանան դա անել միայն նկարահանման համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, որի համար անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին և ստանալ համապատասխան թույլտվությունը, իսկ նկարահանման օրը և պայմանները հաջորդիվ համաձայնեցնել Կենդանաբանական այգու հետ:
Կենդանաբանական այգու աշխատանքային բոլոր օրերին Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատուները կփորձեն նկարահանումների իրականացման գործընթացը կազմակերպել հնարավորինս ողջամիտ ժամկետում:
Անվտանգության նկատառումներից ելնելով` նկարահանող թիմին պետք է ուղեկցի Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատուն և/կամ այլ աշխատակից:
Եթե մամուլի ներկայացուցիչները ցանկանում են նկարահանումներ կատարել Երևանի կենդանաբանական այգում վավերագրական, գեղարվեստական կամ 10 րոպեից ավելի տևողությամբ ֆիլմի համար, խնդրում ենք տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն նախօրոք` ներառելով նկարահանվող նախագծի թեման և հեռարձակող լրատվամիջոցի կամ թողարկող ընկերության անվանումը:
Ցանկացած նկարահանում իրականացնելիս խնդրում ենք հաշվի առնել, որ Կենդանաբանական այգին առանձնահատուկ կառույց է, ուր պահվում են վայրի կենդանիներ և ունի անվտանգության և կենդանիների բարեկեցության ապահովման առաջնահերթություն: